Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդես է եկել Ղազախստանի և հետխորհրդային տարածքի այլ երկրների՝ Բելառուսի և Ռուսաստանի միության մեջ մտնելու մասին առաջարկով, որպեսզի նրանք մոտ լինեն միջուկային զենքին և հնարավորություն ունենան այն կիրառելու, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։
«Չեմ կարծում, որ Կասիմ Տոկաևը մտահոգ է այս հարցում։ Բայց եթե այո, ապա ոչ ոք դեմ չէ, որ Ղազախստանը և մյուս երկրները այնպիսի սերտ հարաբերություններ ունենան, ինչպես մենք Ռուսաստանի Դաշնության հետ»,- «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման հարցազրույցում հայտարարել է նա։
Ըստ Լուկաշենկոյի, դա շատ հեշտ է անել․ «Պետք է մտնել Բելառուսի և Ռուսաստանի միության մեջ, և բոլորը միջուկային զենք կունենան»։
Ընդ որում,Բելառուսի նախագահն ասել է, որ սա իր կարծիքն է և ոչ թե Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը։
ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիան պետք է բացառապես տնտեսական լինի, և պետությունների որևէ միության մեջ Ղազախստանը ներգրավվելու մտադրություն չունի, այսպես է մեկնաբանել Ղազախստանի նախագահի խոսնակ Ռուսլան Ժելդիբայը Մոսկվայում Եվրասիական տնտեսական ֆորումում պետության ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հայտարարությունը։
Նա հիշեցրել է, որ մոսկովյան հանդիպմանը անդրադարձ է եղել այսպես կոչված տարբեր մակարդակների ինտեգրացիային։
«Իսկապես, այսօր ԵԱՏՄ երկու մասնակից՝ Ռուսաստանը և Բելառուսը, մերձեցման ավելի բարձր ու սերտ մակարդակ են ցուցադրում։ Սա յուրահատուկ նախադեպ է։ Ինչպես նշել է պետության ղեկավարը, ըստ էության, խոսքը մեկ ժողովրդի և պետության մասին է։ Եվ այս առումով շատ կարևոր է երկու ինտեգրացիոն նախագծերի շրջանակում զանազանել նախաձեռնությունները, որոնք միանգամայն տարբեր նպատակներ ունեն»,- ասել է Ժելդիբայը։
«Ինչ վերաբերում է մեր երկրին, ապա Ղազախստանը մտադիր չէ և չի նախատեսում որևէ միութենական պետություն ստեղծել կամ միանալ դրան»,- ընդգծել է նա։





























