Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը իր տեսաբլոգի նոր գրառումը նվիրել է քաղաքական բռնաճնշումների զոհերի խնդրին։ Նշենք, որ այսօր, հոկտեմբերի 30-ը այդ հանցագործության զոհերի հիշատակի օրն է։
Ինչպես նշել է ՌԴ նախագահը, ազգային ողբերգությունների հիշատակը նույնքան սուրբ է, որքան հաղթանակներինը, եւ անթույլատրելի է ստալինյան բռնաճնշումների արդարացումը պատմական արդարության վերականգնման պատրվակով։ «Եկեք մի պահ մտորենք. Միլիոնավոր մարդիկ զոհվեցին ահաբեկչության եւ կեղծ մեղադրանքների պատճառով,… միլիոնավոր մարդիկ։ Սակայն ցայսօր կարելի է լսել, նման մտքեր, թե իբր այդ բազմաթիվ զոհերը ինչ-որ գերագույն պետական շահերով էին թելադրված։ Համոզված եմ, որ երկիրը ոչ մի հաջողության չի հասնի մարդկային վշտի եւ կորուստների հաշվին։ Ուստի բռնաճնշումները երբեք չեն կարող արդարացվել», հայտարարել է Մեդվեդեւը։
ՌԴ նախագահի կարծիքով , չի կարող չմտահոգել այն փաստը, որ Ռուսաստանի ներկա երիտասարդությունը գրեթե տեղյակ չի այդ դեպքերի մասին։
«Չպետք է թուլ տալ, որ Հայրենական պատերազմը գնահատելու պարագայում նաեւ արդարացվեն այն վայրագությունները որոնք իրագործվել են սեփական ժողովրդի նկատմամբ, այլ անհրաժեշտ է գիտակցել որ դրանք չեն ստվերել ժողովրդի կատարած հերոսությունը, պատերազմում հաղթանակի հասնելու նրա կամքը, եւ թե ինչպես նա զարգացրեց մեր երկիրը ու այն դարձրեց հզոր արդյունաբերություն, գիտություն ու մշակույթ ունեցող տերություն», ընդգծել է Մեդվեդեւը։




























