Հայաստանը միշտ էլ ողջունել է աշխարհի տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը։ Այս մասին հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Մարտինովի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը։

Մեկնաբանելով ԱՄՆ Սենատ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ ներկայացնելու փաստը, հայ նախարարը հիշեցրել է, որ այսօր աշխարհի ավելի քան 20 երկրներ ճանաչել են պատմական այդ փաստը, որը վերաբերում է ոչ միայն հայ ժողովրդին, այլեւ ողջ մարդկությանը։ Ըստ նրա, Հայոց ցեղասպանության ճանաչումը թույլ կտա հետագայում կանխել մարդկության դեմ ուղղված համանման ոճրագործությունները։ Նալբանդյանը նկատել է, որ այսօր դիտվում է Հայոց ցեղասպանության մասին նյութերի ու հրապարակումների հսկայական հոսք, եւ միայն մի քանիսում է այդ փաստը կասկածի տակ դրվում։ «Այդ բացառությունները չեն կարող վկայել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի դադարեցման միտման մասին»,- համոզված է նա։