Ադրբեջանում գործունեություն ծավալող առաջատար ընկերությունները մեկը մյուսի հետեւից լքում են երկիրը եւ իրենց բիզնեսները տեղափոխում Միջին Ասիա, հաղորդում է ադրբեջանական TIA.az կայքը` վկայակոչելով իր հավաստի աղբյուրները:
Կայքը նշում է, որ վերջին 6 ամսվա ընթացքում ավելի քան 20 գործարարական ընկերություն կասեցրել է իր գործունեությունը Ադրբեջանում, սակայն այդ թիվը շուտով կարող է կրկնապատկվել, քանի որ բազմաթիվ ընկերություններ ուղղակի անհնար են համարում շարունակել իրենց գործունեությունն Ադրբեջանում: «Հարկային աշխատողները հսկայական քանակությամբ հարկեր են պահանջում, իրավապահ մարմինները կաշառք են ուզում, բացի այդ նախարարներն էլ ճնշումներ են գործադրում գործարարների վրա: Այդ պատճառով էլ գործարարները միակ ելքը տեսնում են երկիրը լքելու մեջ` ընտրելով ավելի հանգիստ պետություններ իրենց բիզնեսը կառուցելու համար»,-գրում է TIA.az-ը:
Պատահական չէ նաեւ Միջին Ասիայի երկրների ընտրությունը: Վերջին շրջանում այդ տարածաշրջանը բաց է արտասահմանյան ներդրումների համար, իսկ բյուրոկրատական համակարգը չի խոչընդոտում բիզնեսի զարգացմանը, հավելում է ադրբեջանական աղբյուրը:




























