Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է հնչող մեղադրանքին, թե իր իշխանության տարիներին եւս եղել են քաղբանտարկյալներ:

Ազատության հրապարակում, լրագրողների ու քաղաքացիների հարցերին պատասխանելու ժամանակ, անդրադառնալով 1994 թ. դեկտեմբերին «Դրոյի գործին» եւ 1995թ. հուլիսին` «31-ի գործին», նա ասել է.

«Բացվել էր Բեյրութից Երեւան տեղափոխվող թմրանյութերի գործ: Ռուսաստանի ուժերի հետ համատեղ գործողությամբ բացահայտումից հետո պարզվեց, որ այստեղ գործում է հզոր տեռորիստական խումբ: Հետո պարզվեց, որ դրանք դաշնակցականներ են: 8 հոգի դատվեց տարբեր մեղադրանքներով` թմրանյութերով, ապօրինի զենք, 3-4 հոգի` մարդասպանության գործով:

Մինչ օրս այդ գործով մի մասը դեռ նստած են: Իմ օրոք նստել են 3 տարի, իսկ դաշնակցական իշխանության օրոք` 13 տարի: Ինչու այդ իշխանությունը չազատեց բանտից, եթե անարդար էին դատվել, եթե քաղբանտարկյալ էին:

«Դրոյի գործը» բացահայտել է Դավիթ Շահնազարյանը, իսկ «31-ի գործը» բացահայտել է եւ մինչեւ դատաքննության ավարտը վերահսկել է ՆԳ նախարար Սերժիկ Սարգսյանը»:

Հիշեցնենք, որ 1994-ի դեկտեմբերին, Լեւոն Տեր-Պետրոսյանն անձամբ հանդես եկավ հեռուստատեսությամբ, խոսելով «Դրոյի» ահաբեկչական կառույցի բացահայտման մասին, որից անմիջապես հետո կասեցվեց ՀՅԴ-ի գործունեությունը, փակվեցին 12 անուն լրատվամիջոցներ: Հետագայում, 1997-ին նույնպես Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք վերականգնվեց ՀՅԴ-ի գործունեության իրավունքը, երբ որոշակի կանոնադրական փոփոխություններ կատարվեցին ՀՅԴ-ում:

Ինչ վերաբերում է «31-ի գործին», որով անցնում էին ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը, նաեւ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, նրանք մեղադրվում էին իշխանությունը բռնի տապալելու ծրագրեր մշակելու, այդ թվում սպանություններ կազմակերպելու մեջ: