Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հոկտեմբերի 30-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Աչալ Կումար Մալհոթրան:
Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Նախագահ Սարգսյանն ասել է. «Մեր ժողովուրդները միմյանց գիտեն վաղուց` գրեթե հինգ հարյուր տարի. հարաբերությունների ներկա մակարդակը խոսում է այն մասին, որ այդ ընթացքում չենք ունեցել լուրջ խնդիրներ, եւ տարիների փորձը մեզ համար օգտակար է նաեւ այսօր»: Սերժ Սարգսյանի խոսքով`"հնդկահայ համայնքն ամենանշանակալի եւ ծանրակշիռ համայնքներից մեկն է, եւ պատահական չէ, որ Հնդկաստանում է առաջին անգամ հրատարակվել հայատառ թերթ":
Դեսպան Մալհոթրան, իր հերթին, նշել է, որ երկու երկրների միջեւ կա գերազանց փոխըմբռնում, եւ Հնդկաստանի կառավարությունը մտադիր է ավելի ամրապնդել կապերն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում: Նա կարեւորել է հնդկահայերի մեծ դերը երկրի պատմության ողջ ընթացքում եւ շեշտել, որ նրանք այսօր էլ էական ներդրում ունեն Հնդկաստանի բազմակրոն, բազմամշակույթ ու բազմադեմ հասարակության մեջ:
Սերժ Սարգսյանը կարեւորել է քաղաքական հարաբերությունների ամրապնդումը տնտեսական կապերով: Դեսպան Մալհոթրան ասել է, որ իր երկիրը մարդկային ռեսուրսների զարգացման ոլորտում մեծ առաջընթաց է գրանցել եւ հուսալի գործընկեր է:
Կողմերը գոհունակությամբ փաստել են նաեւ միջազգային ատյաններում հայ-հնդկական բավականին արդյունավետ համագործակցությունը, եւ երկու երկրների համար կարեւորագույն հարցերի շուրջ միմյանց հավասարակշիռ վերաբերմունքը:




























