Հայաստանի Ջինի գործակիցը, որը բնութագրում է երկրում ստեղծված արժեքի բաշխման համաչափությունը բնակչության տարբեր խմբերի միջեւ, 2021 թվականին կազմել է 0,27։ Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, ԱԺ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Ջինի գործակիցը, ըստ նախարարի, կարեւոր ցուցանիշ է՝ թեեւ Հայաստանում դրա մասին քիչ է խոսվում։ «Այն բնութագրում է երկրում ստեղծված արժեքի բաշխման համաչափությունը՝ հասարակության տարբեր խմբերի միջեւ։ Եթե ցուցանիշը մոտ է զրոյին, ապա հարստությունը բաշխվում է համաչափ, եթե ցուցանիշը մոտ է մեկին, ապա ծայրահեղ անհամաչափ։ Հայաստանն այս ցուցանիշով ամենացածր երկրների շարքում է։ 2021 թվականին այդ ցուցանիշը կազմել է 0,27։ Համեմատության համար նշեմ, որ Վրաստանի ցուցանիշը 0,34 է, Շվեդիայինը՝ 0,28, իսկ Ֆրանսիայինը՝ 0,30»,-ասաց Հովհաննիսյանը։

Ոչ պակաս կարեւոր ցուցանիշ է նաեւ «աղքատության էլաստիկության» ինդեքսը, որը ցույց է տալիս, թե համախառն ներքին արդյունքի 1 տոկոսային կետով աճը որքանով է ազդում աղքատության մակարդակի վրա: «Այսպես, վերջին տարիների ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ մեկ տոկոսային կետով ՀՆԱ աճը հանգեցնում է մեկ տոկոսով աղքատության նվազմանը։ Վստահ եմ, որ 2022 թվականի աղքատության ցուցանիշի հրապարակումից հետո կարձանագրենք աղքատության ցուցանիշների նվազում»,-եզրափակեց նախարարը։