«Թուրքիան հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը ձգձգելու հնարավորություն ունի, որովհետեւ սա նրա նախաձեռնությունն է»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: Նրա խոսքով, Թուրքիան այս գործընթացից ունի սպասելիքներ ու խնդիրներ եւ նաեւ ուզում է ցույց տալ, թե ով է այս խաղի իրական տերը, դրա համար էլ կարող է ձգձգել արձանագրությունների վավարեացումը: «Իսկ հայաստանյան իշխանավորների ձեւակերպումները մնում են կոդավորված եւ անհասկանալի բոլորի համար»,- հավելեց պատգամավորը:
Լ. Ալավերդյանը տեղեկացրեց, որ իրենք առաջարկել են ԱԺ-ին ապրիլի 24-ը նշել ցեղասպանության զոհերի եւ նաեւ հայրենազրկման օր: «Հայրենազրկում տերմինի գործածումն ուժեղացնում է Հայաստանի դիրքերը եւ լավ է, որ երկրի ղեկավարները սկսել են օգտագործել Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից շրջանառության մեջ դրված այս տերմինը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի նախաձեռնությանը, ըստ որի ցեղասպանությունը ժխտելու կամ մերժելու համար քրեական պատիժ պետք է նախատեսվի, «Ժառանգության» պատգմավոր Զարուհի Փոստանջյանն ասաց, որ իրենց վերջնական դիրքորոշումը կարող են հայտնել միայն օրինագիծը ուսումնասիրելուց հետո, սակայն կարծիք հայտնեց, որ այդ վերաբերմունքը հավանաբար կլինի դրական, քանի որ այդ հարցում իերնց դիրքորոշումները համընկնում են:




























