Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը ձայների մեծամասնությամբ չի ընդունել կառավարության անվստահության քվեի մասին բանաձեւը, որը ներկայացրել էին ընդդիմադիր կուսակցությունները։ Հեռարձակումն ուղիղ եթերով ընթանում է պալատի ինտերնետ-ցանցում։
Քվեարկությունն անվանական էր. պատգամավորական պորտֆելների մեծ մասը պալատում պատկանում է Լիբերալ-դեմոկրատական կուսակցությանն ու նրա՝ կառավարող կոալիցիայի գծով գործընկերոջը՝ «Կոմեյտո» կուսակցությանը։
Ուրբաթ օրը Ճապոնիայի ընդդիմադիր կուսակցությունների մի մասը ստորին պալատ էր ներկայացրել կառավարությանը՝ վարչապետ Ֆումիո Կիսիդայի գլխավորությամբ, անվստահություն հայտնելու բանաձեւի նախագիծ։
Պատգամավորները քվեարկությունից առաջ իրենց ելույթներում քննադատել են կառավարությանը գների շարունակվող աճի պատճառով, որը զրոյի է հանգեցնում աշխատավարձերի բարձրացման բոլոր փորձերը, տեղի են ունենում սկանդալներ՝ կապված կառավարության կողմից ներդրվող անձնական համարների համակարգի հետ, որոնք պետք է կուտակեն տեղեկություն առողջապահության եւ հարկման մասին, ռազմական ծախսերի աճ, որը կառավարությունն առաջ է մղում անցած տարեվերջից, այդ թվում ուրբաթ ավելի վաղ ձայների մեծամասնությամբ ընդունված օրենքը ռազմական ծախսերի ավելացման ֆինանսավորումն ապահովելու մասին։ Կիսիդային մեղադրում էին նաեւ խորհրդարանը ցրելու երկիմաստ ակնարկների, իսկ հետո դրանից հրաժարվելու մեջ. պատգամավորները դա անվանել են «մեկ դերասանի թատրոն», ինչպես նաեւ հիշեցրել են կառավարությունում սկանդալներով ուղեկցվող հրաժարականները, որոնցից վերջինը ժամանակային առումով նրա որդու հրաժարականն էր անձնական քարտուղարի պաշտոնից ԶԼՄ-ներում սկանդալի պատճառով։
Վերջին շաբաթների ընթացքում Ճապոնիայում շատ շահարկումներ են եղել այն թեմայի շուրջ, թե արդյոք անվստահության քվեն կդառնա վարչապետի կողմից խորհրդարանը ցրելու առիթ։ Սակայն նախօրեին Կիսիդան պարզեց բոլոր անհստակ հարցերը՝ ասելով, որ խորհրդարանը չի ցրվելու։ Վերլուծաբանները համամիտ են այն հարցում, որ վարչապետը, սթափ գնահատելով իրավիճակը, այդ թվում սեփական որդու շուրջ սկանդալի հետ կապված, գիտակցել է, որ նոր ընտրությունները չեն ամրապնդի իր կուսակցության դիրքերը, հակառակը՝ 10 տեղի կորուստ կարող է լինել նոր խորհրդարանում։ Ավելի վաղ խորհրդարանի ցրումը համարվում էր նպաստավոր, քանի որ Հիրոսիմայում G7-ի գագաթաժողովի անցկացումը նկատելիորեն բարձրացրել էր Կիսիդայի ու նրա կառավարության հեղինակությունը։





























