«ԱԺ-ում հեղափոխություն տեղի ունեցավ, երբ խորհրդարանի մեծամասնությունը հոկտեմբերի 27-ին բոյկոտեց ԱԺ հայտարարությունները եւ լքեց դահլիճը` հաշվի չառնելով հոկտեմբերի 27-ի զոհերից մեկի այրիի առաջարկը, խոսել այդ ոճրագործության մասին»,- այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ նշեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանն ու հավելեց, որ նույնպիսի հեղափոխություն էր, երբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ հենց գործարարները պետք է զբաղվեն քաղաքականությամբ, այն դեպքում, երբ դա արգելված է երկրի Սահմանադրությամբ: Նա զարմանք արտահայտեց, որ մամուլն ու քաղաքական դաշտը հանգիստ լռությամբ արձագանքեց այդ հայտարարությանը եւ որեւէ մեկը այդպես էլ չարձագանքեց, որ սա Սահմանադրությանը հակասող հայտարարություն է եղել:

Լրագրողները Լ. Ալավերդյանի զարմանքը փոխանցեցինք ԱԺ մյուս խմբակցությունների ներկայացուցիչներին: Մասնավորապես ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այս առնչությամբ ասաց. «Ես ինձ իրավունք չեմ վերապահում մեկնաբանել Սահմանադրությունը, միայն կիսում եմ տեսակետը, որ պատգամավորն իրավունք ունի զբաղվել միայն գիտական կամ մանկավարժական գործունեությամբ»: Նրա խոսքով, պետք է օրենքն ավելի «ճկուն ու հստակ» դարձնել, որ տարընթերցումների տեղիք չտա: Այսինքն պետք է օրենքները հարմարցենել Գագիկ Ծառուկյանի՞ն, հարցին էլ արձագանքեց. «Պատգամավորը չի կարող ուղղակի զբաղվել գործարարությամբ, նա պետք է իր ունեցածը հանձնի կառավարման»:

Իսկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն էլ ընդգծեց, որ Գ. Ծառուկյանի նման հայտարարության նկատմամբ անտարբեր վերաբերմունքի պատճառը հետեւյալն է. «Հավանաբար հասարակությունը հաշվի է նստում ռեալությունների հետ, իսկ մեզանում ռեալությունն ու Սահմանադրությունը միշտ չէ, որ համընկնում են»: