ՕԵԿ խմբակցությունը օրինագիծ է ներկայացրել ԱԺ-ում, ըստ որի պետք է փոփոխություններ կատարվեն Քրեական օրենսգրքում եւ խստացվի լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար նախատեսված պատիժները: Այս առնչությամբ, լրագրողների հետ ճեպազրույցների ժամանակ, ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ասաց. «Քննարկումների արդյունքում եկանք այն եզրահանգման, որ լրագրողների պաշտպանվածության աստիճանը Հայաստանում բավարար չէ եւ այլ երկրներում լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար նախատեսված սանկցիաների համեմատ մեզ մոտ պատիժները բավականին մեղմ են: Այս օրինագիծը միտված է նրան, որ լրագրողի աշխատանքը խոչընդոտողի նկատմամբ պատիժները խստացվեն: Մասնավորապես, մենք առաջարկում ենք, որ տուգանքները մեծացնել` 100-200 հազար դրամի փոխարեն առաջարկելով 300-700 հազար դրամ, եւ ավելացնել 3-րդ կետ, որով նախատեսվում է, որ երբ կատարվել են լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն, կամ սպառնալիք, մեղավոր անձինք պատժվեն 3-7 տարի ժամկետով ազատազրկման»: Նա հավելեց, որ այս նույն պատիժն է նախատեսվում նաեւ պաշտոնատար անձի նկատմամբ նույն արարքը կատարելու դեպքում:
Նկատենք, սակայն, որ Հայաստանում լրագրողների դեմ բռնություն կիրառողները ընդհանրապես չեն պատժվում, իսկ սա նշանակում է որ այստեղ պատժի մեծ կամ փոքր լինելը որեւէ նշանակություն չունի:




























