Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) ռազմաբազայի բժշկական ծառայության ստորաբաժանումը բարձրլեռնային Ալագյազ զորավարժարանում մասնակցել է պլանային վարժանքին։ Այս մասին տեղեկացնում է ՀՌՇ-ի մամուլի ծառայությունը։

Զինվորական բժիշկները մի շարք նորմատիվներ են հանձնել ռազմական մեքենաներից, խրամատներից ու բլինդաժներից վիրավորներին տեղահանելու, տեղափոխման ընթացքում  մարմնի մասերն անշարժացնելու հատուկ միջոցների, ինչպես նաև փրկարարական տեխնիկայի և բժշկական սարքավորումների  կիրառմամբ նրանց  բժշկական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ։

 Մասնագետները նաև դաշտային հոսպիտալ են բացել, որտեղ   օգնություն են ցուցաբերել տուժածներին, ինչպես նաև սանիտարական մշակում, բժշկական տեսակավորում և դոզիմետրական հսկողություն են իրականացրել։

Հաջորդ պարապմունքին ՌԴ ՀՌՇ զինվորական բժիշկները կրակային և տակտիկական պատրաստության վարժություններ կանեն։