«Ուզում եմ պաշտոնապես հայտնել, որ առ այսօր ՀՀ-ում որեւէ դեպք, կապված H1N1 վիրուսային վարակի հետ , հայտնաբերված չունենք»,- այս մասին հոկտեմբերի 30-ին «Տեսակետ» ակումբում հայտարարեց Առողջապահության նախարարության գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը։
Նրա խոսքով, ամբողջ աշխարհում H1N1 վիրուսային վարակի քանակը գնալով աճում է, որից ամբողջ աշխարհում մահացել է մոտ 4,5 հազար մարդ։
Ինչ վերաբերում է H1N1 վիրուսային վարակի դեմ իրականացվող պատվաստումների աշխատանքներին, համաճարակաբանի հավաստմամբ՝ դրանք կսկսվեն նոյեմբեր ամսից։
«Իհարկե կան գիտնականներ, որոնք առայժմ լրիվ համաձայն չեն նման մեթոդի կիրառման հետ, բայց աշխատանքը առաջ է ընթանում եւ մենք հույս ունենք որ նոյեմբերի վերջին Հայաստանում նույնպես կսկսվեն պատվաստումների աշխատանքները»,-ասաց նա՝ ընդգծելով, որ Ուկրաինայում տարածված անհայտ հիվանդությունը, խոզի գրիպի հետ ոչ մի կապ չունի։
Նշենք որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական վերջին հաղորդագրության տվյալներով՝ աշխարհում գրանցվել է գրիպի H1N1 վիրուսային վարակի լաբորատոր հաստատված շուրջ 414000 դեպք։
Հատկանշական է, որ ՀՀ-ում H1N1 վիրուսային վարակի դեմ միջոցառումներն իրականացվում են «գրիպի հնարավոր համաճարակի պատրաստվածության ծրագրի» համաձայն։




























