Բրյուսելի մայրաքաղաքային շրջանի կառավարության նախարարը ստիպված է եղել հրաժարական տալ Բելգիայում միջոցառմանն Իրանի և Ռուսաստանի պաշտոնյաներին հրավիրելու շուրջ սկանդալից հետո, մասնավորապես՝ Կազանի փոխքաղաքապետին, որը բացահայտորեն պաշտպանում է Կրեմլի ագրեսիվ պատերազմը, գրում է Politico-ն։
Խոսքը Պասկալ Սմեթի մասին է, ով տարածաշրջանի կառավարությունում զբաղվում էր քաղաքաշինությանբ, եվրոպական և միջազգային հարցերով, շտապ բժշկական օգնության և փրկարար ծառայությունների աշխատանքի հարցերով։
Ֆլամանդացի սոցիալիստների խոսնակ Սմեթը քննադատության թիրախ դարձավ, երբ պարզվեց, որ նա հունիսի 12-15-ը կայանալիք քաղաքային գագաթնաժողովին հրավիրել է իրանցի 14 պաշտոնյաների, այդ թվում՝ Թեհրանի քաղաքապետին և երկու ռուս պաշտոնյաների՝ չնայած աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակին:
Բելգիայում նրանց մնալը վճարվել է տարածաշրջանային բյուջեից։
Brussels Times-ին հայտնի է դարձել, որ հրավիրված ռուսաստանցիներից մեկը Կազանի փոխքաղաքապետ Եվգենյա Լոդվիգովան է, ով Metropolis city ցանցի անդամ է։ Brussels Times-ը բազմաթիվ ապացույցներ է հավաքել այն մասին, որ «Եդինայա Ռոսիա»-ի անդամ Լոդվիգովան բացահայտորեն աջակցում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիվ պատերազմին և ակտիվորեն ներգրավված է համապատասխան տեղեկատվական աշխատանքում։





























