Իրավապաշտպաններ Նինա Կարապետյանցը և Արայիկ Պապիկյանը տարածել են համատեղ հայտարարություն, որտեղ ասված է.
«Հայաստանի Հանրապետության դատաիրավական (դատարաններ (ԲԴԽ), դատախազություն, քննչական մարմին, ոստիկանություն) համակարգում տեղի ունեցող իրադարձություններն իրենց բնույթով ու վտանգավորության աստիճանով վաղուց հատել են բոլոր ողջամիտ կամ թույլատրելի սահմանները։
Բռնությունները և դրանց հետևող տոտալ անպատժելիությանը ուղեկցվում է իշխանությունների լուռ համաձայնությամբ, թողտվությամբ, որոշ դեպքերում արդարացմամբ (հետևաբար նաև հրահանգով) և իրավասու կառույցների կողմից այդ հրահանգների/ցանկությունների հնազանդ կատարմամբ։
Ընդ որում հրահանգների/ցանկությունների կատարումն առերևույթ հետապնդում է արտաքին շահառուի շահերի սպասարկմանը։
Ոլորտի (համակարգի) նկատմամբ արտաքին (քաղաքական) միջամտության աստիճանն աննախադեպ է։
Այս իրավիճակի լուծման ներքին ռեսուրսները սահմանափակ են, և ստեղծված պայմաններում բավարար չեն դրական արդյունք ապահովելու համար։
Ելնելով վերոգրյալից
Կոչ ենք անում միջազգային գործընկերներին, դիվանագիտական ներկայացուցչություններին
- Դատաիրավական ոլորտի զարգացմանն աջակցելիս չզբաղվել ինքնախաբեությամբ,
- Հետամուտ լինել ներդրվող գումարների՝ ըստ նպատակի ծախսման,
- Հստակ և թիրախային արձագանքել «բարեփոխված» համակարգերում տեղի ունեցող դեպքերին, իրադարձություններին և հանցագործություններին։
Մեր երկրի դատաիրավական ոլորտը փորձադաշտ չէ և ձախողումները ճակատագրական են դառնում պետության և սերունդների համար։





























