Ավստրալիայի Համացանցի անվտանգության վերահսկիչ մարմինը Twitter-ին իրավական ծանուցում է ուղարկել՝ պահանջելով բացատրել, թե ինչ է անում սոցիալական մեդիայի հսկան՝ համացանցում ատելության աճի դեմ պայքարի համար այն ժամանակվանից, երբ Tesla-ի գործադիր տնօրեն, գյուտարար եւ միլիարդատեր Իլոն Մասկը գնել է հարթակը, հայտնում է Associated Press-ը:
Վերահսկիչ մարմինը հինգշաբթի հայտարարել է, որ վերջին 12 ամիսների ընթացքում Twitter-ում ավելի շատ բողոքներ է ստացել ատելության դրսեւորման վերաբերյալ, քան որեւէ այլ հարթակում, եւ ստացել է ավելի շատ հաղորդումներ առցանց լուրջ չարաշահումների մասին այն ժմանակվանից, երբ Մասկը գլխավորել է ընկերությունը:
Ավստրալիական գործակալության ղեկավար, անվտանգության հարցերով հանձնակատար Ջուլի Ինման Գրանտը չորեքշաբթի ասել է, որ ծանուցում է ուղարկել Սան Ֆրանցիսկոյում տեղակայված ընկերությանը 36 մանրամասն հարցերով այն մասին, թե ինչպիսի քաղաքականություն է իրականացնում Twitter-ը ատելության դրսեւորումների նկատմամբ:
Ըստ Ինման Գրանտի, եթե Twitter-ը 28 օրվա ընթացքում չտրամադրի բոլոր հարցերի ճշմարիտ պատասխանները, ավստրալացի դատավորը կարող է ընկերությանը տուգանել մինչեւ 700,000 ավստրալիական դոլարով (476,000 ամերիկյան դոլար) ուշացման յուրաքանչյուր օրվա համար:





























