Նոր Զելանդիայի վարչապետ Քրիս Հիփքինսը երեքշաբթի Պեկինում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպման ժամանակ քննարկել է իր երկրի շահագրգռվածությունը Չինաստանի հետ տնտեսական կապերի ամրապնդման հարցում, հայտնում է Associated Press-ը:
Ըստ Հիփքինսի՝ Սի Ցզինպինի հետ իր հանդիպման նպատակն է եղել «վերահաստատել մեր սերտ տնտեսական հարաբերությունները՝ աջակցելով գործարարներին (նորացնելով) իրենց կապերը չինացի գործընկերների հետ և օգնելով զարգացնել նոր կապեր՝ աջակցելու Նոր Զելանդիայի տնտեսական վերականգնմանը»:
Հիփքինսը հնգօրյա այցով գտնվում է Չինաստանում, որն առաջինն է հունվարին պաշտոնը ստանձնելուց հետո, բիզնես պատվիրակության հետ միասին, որոնք ներկայացնում են ոլորտներ, ինչպիսիք են զբոսաշրջությունը և կրթությունը:
Նախքան իր այցը սկսելը, նա Նոր Զելանդիայի հարաբերությունները Չինաստանի հետ անվանեց «մեր տնտեսական վերականգնման կարևորագույն մաս»:
Նոր Զելանդիան այս ամիս պաշտոնապես մտավ ռեցեսիա այն բանից հետո, երբ դրա տնտեսությունը կրճատվեց երկու եռամսյակ անընդմեջ: Իշխանություններն ասում են, որ Չինաստանը առանցքային դեր է խաղում համաճարակից Նոր Զելանդիայի տնտեսական վերականգնման երեք շարժիչներում՝ արտահանում, զբոսաշրջություն և կրթություն:





























