Երբ խոսում են բնապահպանական կամ սոցիալական միջազգային ստանդարտների մասին առաջին ազդակն այն է, որ ստացվում է՝ հանքարդյունաբերողը ընկնում է ծանր բեռի տակ: Այս մասին հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ ոլորտի ռազմավարության շուրջ կլոր սեղան քննարկման ընթացքում ասաց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանը։

«Մեր համոզմամբ՝ դա այդպես չէ, միջազգային ստանդարտների կիրառումը շատ ավելի հեշտացնում է հանքարդյունաբերողի կյանքը և գործը: Ինչքան ավելի հստակ է ստանդարտը, այնքան ավելի հեշտ է ընտրություն կատարել տեխնոլոգիաների, մեթոդների և ՛ միջոցառումների ընտրության մեջ»,- ասաց նա:

Ստեփանյանը գտնում է, որ միջազգային ստանդարտը միջազգային փորձի շտեմարան է․ մեկ համապարփակ փաստաթղթի մեջ խտացված է, թե մինչ 2023 թվականը ինչ խնդիրների միջով է անցել ոլորտը:

«Խնդիրներ են եղել, դրանք լուծվել են որոշակի ձևով և աշխարհում դա արտացոլվել է որոշակի ընհանուր ստանդարտի ձևով։ Պետք չէ վախենալ ստանդարտներից, դրանք իրականում ավելի են հեշտացնում մեր բոլորի կյանքը»,- ասաց նա։