Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Մարտինովին։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրել են ՀՀ նախագահի մամլո ծառայությունից։
Հանդիպմանը քննարկվել են հայ-բելառուսական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։
ՀՀ նախագահը նշել է, որ երկկողմ քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է, սակայն տնտեսական գործակցությունը զարգացնելու անհրաժեշտություն կա։ Սերժ Սարգսյանն ասել է, որ այդ ուղղությամբ ակտիվ աշխատելու եւ ջանքերը համատեղելու դեպքում հնարավոր կլինի կարճ ժամկետում զգալի արդյունքների հասնել։
Սերգեյ Մարտինովը նշել է, որ Հայաստանը Բելառուսի կարեւոր գործընկերներից է։ Նրա խոսքով, երկու երկրների ղեկավարների ու կառավարությունների միջեւ լավ հարաբերությունները տնտեսության ոլորտում մեծածավալ եւ արդյունավետ ծրագրեր իրականացնելու լուրջ նախադրյալներ են ստեղծում։
Կողմերը խոսել են, մասնավորապես, մեքենաշինության, բարձր տեխնոլոգիաների բնագավառներում համագործակցության հնարավորությունների մասին։




























