Ստոկհոլմում, Մեծ մզկիթի առջեւ նորից են այրել Ղուրանը, եւ նորից ոստիկանության թույլտվությամբ։ Դեմարշի կազմակերպիչը խնդրանքով դիմել էր իրավապահ մարմիններին դեռեւս մի քանի շաբաթ առաջ։ Արդյունքում՝ նրան թույլ են տվել կատարել ակցիան։

Ընդ որում՝ այս անգամ ակցիան կազմակերպել է ոչ թե ուլտրաաջ շարժումների ներկայացուցիչը, այլ Իրաքից 37-ամյա փախստական մի մուսուլման։

Նա այրել է մուսուլմանների սրբազան գրքի օրինակը բազմաթիվ իրավապահների եւ մոտ 200 անցորդների ներկայությամբ, որոնցից շատերը հավանություն չէին տալիս նրա գործողություններին։

«Մենք չպետք է հաշտվենք նման բաների հետ, ժամանակն է արդեն «կանգ առ» ասել։ Լավ չէ, երբ նվաստացնում են ուրիշներին»։

«Խոսքի ազատությունն, իհարկե, շատ կարեւոր է, բայց ես կարծում եմ, որ սուրբ գիրքն այրելը խոսքի ազատություն չէ, դա բոլորովին այլ բան, դա սադրանք է»։

Ակցիայի կազմակերպիչը հայտարարել է, որ այրում է Ղուրանը անձնական նկատառումներից ելնելով, բայց եւ քանիցս ընդգծել է, որ չէր ցանկանա վնասել Շվեդիայի՝ իր երկրորդ հայրենիքի իմիջին եւ, ըստ որոշ տեղեկությունների, անգամ պատրաստ է եղել սպասել, մինչեւ ավարտվի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը։ Այդ ընթացակարգին խանգարում է Թուրքիան, որն էլ ավելի է խստացրել իր դիրքորոշումն այս տարվա հունվարին, երբ դանիացի Ռասմուս Պալուդանն այրել էր Ղուրանը Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանության առջեւ։