ԱՄՆ-ն դատապարտել է Շվեդիայում մզկիթի մոտ Ղուրանն այրելու ակցիան՝ նշելով, որ ակցիան անցկացնելու թույլտվությունն աջակցում է կարծիքների արտահայտման ազատությանը եւ չի ենթադրում բուն գործողության հավանություն, տեղեկացրել է «Голос Америки»-ն։
Տղամարդը չորեքշաբթի, իսլամական Իդ ալ-Ադհա (Կուրբան բայրամ) տոնի առաջին օրը պատռել եւ այրել է Ղուրանը Ստոկհոլմի կենտրոնական մզկիթի մոտ, ինչը զայրացրել է Թուրքիային, որի աջակցությունն անհրաժեշտ է Շվեդիային ՆԱՏՕ մտնելու համար։
Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ Վաշինգտոնի կարծիքով՝ ակցիան «վախի մթնոլորտ» է ստեղծել, որը սահմանափակել է Շվեդիայում իրենց կրոնն ազատ դավանելու մուսուլմանների եւ կրոնական այլ փոքրամասնությունների հնարավորությունը։
«Մենք դատապարտում ենք ակցիան»,- ասել է Միլլերը։ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը միաժամանակ հաստատել է Վաշինգտոնի դիրքորոշումը, որ սկանդինավյան երկիրը պատրաստ է անդամակցել արեւմտյան ռազմական դաշինքին։
«Եկել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի լիարժեք անդամակցությանն անցնելու ժամանակը»,- ասել է նա։





























