ՀՀ ոստիկանության բաժանմունքները պետք է տեսախցիկներով կահավորված լինեն։ Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։ Դա, նրա խոսքով, կօգնի ապահովել բռնության դեմ արդյունավետ պայքարը։
«Ոստիկանական համակարգում բարեփոխումներ կատարելու համար որոշ միջազգային կառույցներ լուրջ ֆինանսական միջոցներ են տրամադրել։ Դետալների մեջ չեմ խորանա, բայց այսօր մեր ոստիկանական բաժանմունքները պետք է կահավորված լինեն տեսախցիկներով, սակայն դրանք բացակայում են։ Շատ տարակուսելի է, մանավանդ այն պայմաններում, երբ համապատասխան ֆինանսավորում է եղել»,-ասաց Բաբայանը։
Փաստաբանները կարծում են, որ միջազգային կառույցները, որոնք ֆինանսավորում են եւ աջակցում են մեր դատաիրավական համակարգում բարեփոխումներ անելուն, առնվազն պետք է հետեւեն դրա արդյունքին։ «Իսկ արդյունքն այն է, որ փաստաբանների են ծեծում»,-նշեց Բաբայանը։




























