Ինձ համար անակնկալ էր. Ես պատրաստվել էի լուրջ պայքարի, գրքեր էի մի կողմ դրել ազատազրկման վայրում կարդալու համար, բայց չեղավ: Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, արդարացման վճռի հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը։
Նա նկատեց՝ այս վճռով ոչինչ չի ավարտվում, այլ նոր է սկսում, քաղաքական առումով որոշակի անակնկալներ կլինեն։
Հարցին, թե նոր բեմադրություններ կլինե՞ն, Մալյանն արձագանքեց. «Կարծում եմ՝ հիմա ոչ թե բեմադրությունների ժամանակն է, այլ փողոցներում իրականա պատմություններ գրվեն ու իրականացվեն»։
Հարցին, հնարավո՞ր է արդարացման վճիռ կայացրած դատավորին ԲԴԽ-ն պատժի, իրականացնի ապօրինություններ, նա նշեց, մեր երկրում ամեն տեղ ապօրինություններ են, հաշվեհարդարներ, բայց պետք է ուժ հավաքել, կանգնել ու պայքարել, այլ տարբերակ չկա։
«Ես կոչ եմ անում չգնալ զղջման ճանապարհով։ Հիմնական կռիվն առջևում է։ Ես ուզում եմ դիմել այն մարդկանց, որոնք հույսները սրտում կիսակյանքով են ապրում, քանի որ գիտեք, իշխանությունները զավթված է թուրքերի կողմից։ Ուզում եմ ասել, որ կռիվը, պայքարը լինելու է շատ ուրախ, դրական նոտաներով։ Սրանց հեռացման պրոցեսը լինելու է շատ ուրախ, երջանիկ»,-ասաց նա։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր Ավան-Նոր-Նորք առաջին ատյանի դատարանի վճռով «ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանն արդարացվեց հանցակազմի բացակայության հիմքով. նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվեց։
Դատարանը արդարացման որոշում կայացրեց՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Վճիռը ենթակա է բողոքարկման մեկ ամսվա ընթացքում։
Հիշեցնենք, որ Նարեկ Մալյանը մեղադրվում է Ազատության հրապարակում «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացումը բեմադրելու համար։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածով (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը)։





























