Հովիկ Մանուչարյանը նստել է ինքնաթիռ եւ վերադարձել երկիր, որտեղ պատերազմ էր ընթանում։
Դա 2020թ. աշնանն էր, նա զգացել է, որ հայրենիքը՝ Հայաստանը, ձգում է իրեն, որպեսզի օգնություն ցուցաբերի, գրել է KQED պորտալը։
«Նա միայնակ չէ։ Շատ հայեր, որոնք մեծացել են երկրի սահմաններից դուրս, հաճախ՝ Կալիֆոռնիայում, վերադառնում են հայրենիք՝ հակադարձ միգրացիայի կարգով։ Նրանք ավելի սերտ կապ են փնտրում իրենց մշակույթի եւ համայնքի հետ եւ օգտագործում են այն հմտությունները, որոնք ձեռք են բերել ԱՄՆ-ում, որպեսզի փոխեն իրավիճակը երկրում, որը շատերն ավելի շատ ճանաչում են պատմածներով, քան թե սեփական փորձով»,- գրել է ԶԼՄ-ն։
Այս հակադարձ միգրացիան թողնում է իր ազդեցությունը։ Կալիֆոռնիայից եկածները բացում են ձեռնարկություններ եւ ոչ առեւտրային կազմակերպություններ։ Ոմանք աշխատում են Հայաստանի կառավարությունում, մյուսներն օգնում են զարգացնել Հայաստանի տեխնոլոգիական սեկտորը կամ աշխատում են ենթակառուցվածքի զարգացման ուղղությամբ այս փոքր երկրում, որը դեռ վերականգնվում է Ադրբեջանի հետ Արցախի տարածքի համար մղած 44-օրյա պատերազմից հետո։
33-ամյա Նանոր Բալաբանյանը երկիր այցելել է ամռանը Սանտա Բարբարայի Կալիֆոռնիական համալսարանի ուսանողների հետ։ Նրանք կազմակերպել են համակարգչային դասարան հայկական հեռավոր գյուղում՝ օգտագործելով սարքավորում, որը գնել էին տանը՝ Կալիֆոռնիայում միջոցներ հավաքելուց հետո։
Բալաբանյանն ա՛յն՝ առաջին ամռանն սկսած աշխատանքը վերածել է լիարժեք ոչ առեւտրային կազմակերպության՝ «Թաքուն ճանապարհ նախաձեռնություն» (The Hidden Road Initiative) անվանմամբ, որն օգնում է ընդլայնել կրթության հասանելիությունը եւ հնարավորություններ է ընձեռում հայկական գյուղերում առաջնորդության համար։
Բալաբանյանի աշխատանքը ուղեղների հակառակ հոսքի օրինակ է, որը տեղի է ունենում Հայաստանում։ Լոս Անջելեսից եւ նահանգի այլ շրջաններից կրթված, որակյալ աշխատողներն իրենց հմտությունները վերադարձնում են Հայաստան՝ իրենց երկրներից հեռացողների փոխարեն (ԱՄՆ-ում հնարավորություններ գտնելու նպատակով), ընդգծել է ԶԼՄ-ն։
28-ամյա Միքայել Մաթոսյանը, որը մեծացել է Սան Ֆեռնանդոյի հովտում, աշխատել է Լոս Անջելեսում, էներգիայի վերականգնվող աղբյուրների ոլորտում։ Հիմա նա իր գիտելիքներն օգտագործում է Հայաստանում։
Բայց Հայաստան տեղափոխվելը շատերի համար, ովքեր մեծացել են սփյուռքում, հեշտ տեղափոխություն չէր։ Մաթոսյանը եւ շատ այլ կալիֆոռնիացիներ, արեւմտահայերեն են խոսում, որով սովորաբար խոսում են նրանց սերունդները, որոնք հեռացել են երկրի այն հատվածից, որը միացվել է Թուրքիային Հայոց ցեղասպանության ժամանակ։
Շատ կալիֆոռնիացիներ, որոնք տեղափոխվել են այստեղ, ստիպված են սովորել տեղի բարբառը՝ արեւելահայերենը, որով խոսում են Հայաստանի մայրաքաղաքում։ Մաթոսյանի խոսքով, Երեւան գալուց հետո նա երբեք իրեն անհարմար չի զգացել, երբ խոսել է։
«Ես ցանկանում էի ներգրվել այստեղ, բայց այդ ժամանակվանից հրաժարվել եմ այդ գաղափարից, ինձ համար հարմար է խոսել իմ բարբառով»,- ասել է Մաթոսյանը։
Ավելի հասուն տարիքի կալիֆոռնիացիները, ինչպիսին է Հովիկ Մանուչարյանը, որն ընտանիքը Երեւան է բերել այն բանից հետո, երբ կամավոր է գրվել 2020թ. պատերազմի ժամանակ, ասում են, որ ցանկանում են, որպեսզի իրենց երեխաները մեծանան հայերենի եւ հայ մշակույթի հետ ավելի սերտ կապի մեջ։
Տեղափոխությունը մեծ փոփոխություն է եղել Մանուչարյանի երեք երեխաների համար, բայց նրանք իրենց ցանկալի հյուրեր են զգացել, երբ եկել են իրենց նոր հայկական դպրոց։




























