Սուրեն Սուրենյանցը հրաժարվում է իր թեկնածությունը դնել Երեւանի թիվ 10 ընտրատարածքում՝ որպես ԱԺ պատգամավորի թեկնածու։ Այս մասին հաղորդվում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի հոկտեմբերի 30-ին տարածած հայտարարության մեջ։ «Անցած օրերին կուսակցության ղեկավար մարմինը քննարկում էր երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը, դրա համատեքստում՝ Ս. Սուրենյանցի հայտի բովանդակությունն ու իրականացման միջոցները։ Հատուկ ընդգծում ենք, որ քննարկումները չեն վերաբերել Սուրենյանցի նախաձեռնությունը սատարել-չսատարելու խնդրին. ի սկզբանե մեզ համար ընկալելի եւ ընդունելի են եղել մեր քաղխորհրդի անդամի հայտարարության եւ նախաձեռնության մոտիվները, հետեւաբար՝ կուսակցությունը հարգելու էր իր քաղխորհրդի անդամի որոշումը»,- ասված է հայտարարության մեջ։
Հաղորդագրությունում մասնավորպես նշվում է, որ Սուրենյանցը, հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի ներկա կարգավիճակը, հրաժարվում է առաջադրման մտադրությունից։
Նշենք, որ Հայ ազգային կոնգրեսն այսօր հայտարարել էր, որ Երեւանի թիվ 10 ընտրատարածքում որպես պատգամավորի թեկնածու է առաջադրել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ներկայումս «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում անազատության մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանին եւ պաշտպանելու է նրա թեկնածությունը: Հիշեցնենք նաեւ, որ հոկտեմբերի 21-ին նույն ընտրատարածքում առաջադրվելու մտադրություն էր հայտնել նաեւ «Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Սուրենյանցը։
Մինչ այժմ թիվ 10 ընտրատարածքում իրենց թեկնածությունն են առաջադրել նաեւ գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանը, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, անկուսակցական, կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանը, դերասան Վլադիմիր Կոստանյանը եւ ԱԻՄ անդամ Արա Սիմոնյանը:
Հավելենք՝ ընտրատարածքում պատգամավորի մանդատը թափուր էր մնացել, երբ գործարար Խաչատուր Սուքիասյանը հրաժարական էր տվել՝ դա պատճառաբանելով հանգամանքով, թե «չի ցանկանում աշխատել նման անողնաշար խորհրդարանում»:




























