«Հայաքվե» նախաձեռնության կազմակերպած ստորագրահավաքի սկզբում ստիպված են եղել բախվել սահմանափակող բնույթի հանցագործությունների։ Այս մասին հուլիսի 4-ին Սահմանադրության օրվան նվիրված պանելային քննարկումների ժամանակ ասաց նախաձեռնության անդամ, փաստաբան Արամ Օրբելյանը։

Նրա խոսքով՝ Երեւանի քաղաքապետարանն ու վարչական շրջանների ղեկավարները սկզբում հրաժարվել են ստորագրահավաք անցկացնելու վայր տրամադրել։

«Սակայն հետո՝ թեկուզ ուշացումով, նրանք համաձայնեցին։ Հիմա գործընթացը գնում է»,-նշեց Օրբելյանը։

Փաստաբանը հայտարարեց, որ այս պահին 4 համայնքներ հրաժարվում են տեղ, ինչպես նաեւ ներկայացուցիչ տրամադրել «Հայաքվե»-ի ստորագրահավաքը կազմակերպելու եւ անցկացնելու համար:

«Այժմ մենք մշակում ենք այդ համայնքների ղեկավարներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը»,-տեղեկացրեց Օրբելյանը: