Սերբական Նովի Սադ քաղաքում ավարտված շախմատի Եվրոպայի 17-րդ առաջնությունում Հայաստանի շախմատի հավաքականը մնաց առանց մեդալների, թեեւ վերջին` 9-րդ տուրում հաղթանակ տարավ Շվեյցարիայի հավաքականի նկատմամբ: Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Յանիկ Պելետյերի հետ, իսկ Վլադիմիր Հակոբյանը պարտություն կրեց Ֆլորիան Ջեննիից: Գաբրիել Սարգսյանը հաղթեց Ռոլանդ Էքստրյոմին, Տիգրան Պետրոսյանը` Ջոզեֆ Գալահերին:

Ընդհանուր հաշվարկում Հայաստանը 13 միավորով գրավեց ընդամենը 4-րդ տեղը: Թեեւ բրոնզե մեդալակիր Ուկրաինան նույնպես 13 միավոր ուներ, սակայն այս պարագայում հաշվարկվեց անհատական միավորների քանակը:

Իսկ առաջնության հաղթող դարձավ Ադրբեջանի թիմը, որն այս մրցաշարում միայն մեկ պարտություն կրեց, այն էլ Հայաստանի հավաքականից: Վերջին տուրում Ադրբեջանը կարողացավ հաղթել Հոլանդիային, իսկ Ռուսաստանը բավարարվեց ոչ-ոքիով Իսպանիայի հետ մրցավեճում եւ գրավեց երկրորդ տեղը: