Անգլիացի ուսուցիչներն արդեն երկրորդ գործադուլն են իրականացնում այս շաբաթ՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձը, նշել է Sky News-ը։

Կրթության ազգային արհմիության կազմակերպած գործադուլները սկսվել են փետրվարին։ Այս շաբաթ ուսուցիչները նստացույց են անում արդեն երկրորդ անգամ։ Հուլիսի 7-ին դրանք տեղի են ունեցել արդեն 7 անգամ, պատճառը գնաճն է եւ ճգնաժամը։

«Դրա պատասխանատվությունն ընկնում է վարչապետի եւ կրթության նախարարի վրա, որոնք նախկինի պես հրաժարվում են վերսկսել բանակցությունները կրթության արհմիությունների հետ, որպեսզի համաձայնություն ձեռք բերվի ուսուցիչների աշխատավարձի բարձրացման մասին»,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։

Սպասվում է, որ գործադուլները կչեղարկեն ամառային դասընթացների ավարտի ավանդական միջոցառումները եւ կտեւեն մինչեւ աշուն, եթե համաձայնությունն իշխանությունների եւ մանկավարժների միջեւ ձեռք չբերվի։

Արհմիությունում նշել են, որ նախարարները կարող են հեշտ լուծել այս խնդիրը՝ առաջարկելով ավելի շահավետ աշխատավարձեր։ Կառավարությունը խոստացել էր ուսուցիչներին միանվագ վճար հազար ֆունտ սթեռլինգի չափով եւ աշխատավարձի բարձրացում միջինը 4,5 տոկոսով՝ սկսած հաջորդ ուսումնական տարվանից։ Սակայն արհմիությունները մերժել են այդ նախաձեռնությունը։

Կրթության նախարարի կարծիքով՝ փոխշահավետ համաձայնությունը պետք է ձեռք բերվի ուսուցիչների պահանջների եւ հարկատուների հնարավորությունների հաշվառմամբ՝ կյանքի արժեքի թանկացման պայմաններում։