Ինչպես Ամերիկայի աբորիգենները, եվրոպական հրեաները, ռուանդական թութսիները (1994 թվականին Ռուանդայում էթնիկ մեծամասնություն հանդիսացով հուտու ցեղախմբի կողմից 100 օրվա ընթացքում սպանվել է 800.000 թութսի, որոնք Ռուանդայում էթնիկ փոքրամասնություն էին, հիշեցնում է NEWS.am-ը), հայերը իրենց ժամանակին գտնվել են ոչ ճիշտ ժամանակին, ոչ ճիշտ վայրում, ենթադրում է ամերիկյան հեղինակավոր The Washington Post թերթը՝ իր հոդվածում, որը նվիրված է 1915 թվականին Օսմանական Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց Ցեղասպանության խնդրին։ Պարբերականը վկայակոչում է հայկական ծագում ունեցող ամերիկյան գրող եւ լրագրող Մայքլ Բոբելյանին։

Բոբելյանի աշխատանքը կոչվում է «Հայաստանի զավակները», որում նկարագրվում են այն բոլոր սարսափները, որի միջոցով անցել է հայ ժողովուրդը՝ հայտնի պատմական իրադարձությունների ժամանակ, երբ Թուրքիայում զանգվածային սպանություններ էին տեղի ունենում եւ ոչնչացվում էին երկրի քրիստոնյա փոքրամասնությունների ներկայացուցիչները՝ հայերը։

«Այդ գրքի նպատակը Հայոց Ցեղասպանության ապացույցը չէ, քանի որ հայկական Հոլոքոստը՝ պատմական փաստ է»,-ասում է ինքը՝ Բոբելյանը։

Ընդգծենք, որ գիրքը իր ուշադրությունը կենտրոնացնում է թուրքական ազգայնամոլության, Ցեղասպանությունից փրկվածների հոգեբանության եւ «սառը պատերազմի» հեղինակների ստորության վրա, որոնք ստիպել են մարդկանց մոռանալ Հայոց Ցեղասպանության փաստը։

Ամերիկյան պարբերականը շարունակում է. «Բոբելյանը Գուրգեն Յանիկյանին, ով կրակել էր երկու թուրք դիվանագետների վրա՝ պատժելով նրանց իր հայրենակիցների համար, հերոս է դարձնում» (Գուրգեն Յանիկյանը հայ ինժեներ է եւ գրող։ 1970 թվականին նա Սանտա-Բարբարայում սպանեց Թուրքիայի հյուպատոսին եւ փոխհյուպատոսին՝ լուծելով հայերի վրեժը, հիշեցնում է NEWS.am-ը)։

«Սակայն ամենակարեւոր սխալը հեղինակը թույլ է տալիս այն ժամանակ, երբ հավակնում է „հայության յուրահատկությանը“, գրում է The Washington Post-ը։ Այսինքն, սրանից հետեւում է, որ բացի հայերից ոչ մի այլ ազգ նման ճակատագիր չի ունեցել։ Բոբելյանը պետք է իմանա, որ եթե ինչ որ էթնոս պնդում է իր տանջանքների եզակիության վրա, աշխարհը ավելի սառնասրտորեն կսկսի մոտենալ մեր օրերի աղետներին։ Այնպես որ, Հայոց Ցեղասպանության վերաբերյալ ցանկացած գիրք, ավելի ճիշտ՝ ցանկացած հետազոտություն պետք է վեր հանի դրա կապը մեր օրերի ողբերգությունների հետ, թե չէ տարիներ հետո ո՜վ կարող է հիշել, օրինակ՝ սուդանցիներին», եզրակացնում է ամերիկյան պարբերականը։