Առնվազն յոթ մարդ զոհվել եւ տասնյակ մարդիկ վիրավորվել են Հնդկաստանում, Արեւմտյան Բենգալիա նահանգի տեղական ընտրությունների պատճառով տեղի ունեցած բախումների հետեւանքով։ Նահանգը հայտնի է նրանով, որ ընտրարշավների ժամանակ այստեղ քաղաքական բռնություններ են կատարվում։

Հնդկաստանում կառավարող «Բհարաթիա Ջանաթա Փարթին» վերջին տարիներին գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի ամրանաի Արեւմտյան Բենգալիայում, որտեղ երկար տարիներ կառավարել է կոմունիստական կուսակցությունը, եւ ընդլայնի իր ազդեցությունը հինդիի, որով խոսում են հյուսիսային շրջաններում, սահմաններից դուրս։

Ներկայում ընտրողները քվեարկում են տեղային ինքնակառավարման ղեկավարների համար, ընտրություններին մասնակցում է ավելի քան 200 000 թեկնածու (նահանգն ունի 104 մլն բնակչություն)։

«Առնվազն յոթ մարդ սպանվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են բռնության հետեւանքով՝ կապված ընտրությունների հետ»,- AFP գործակալությանը տեղեկացրել է Արեւմտյան Բենգալիայի ոստիկանության ներկայացուցիչ Ջավեդ Շամիմը։

Արեւմտյան Բենգալիան «Թրինամուլ» կուսակցության առաջնորդ Մամաթա Բաներջիի կառավարման տակ է 2011 թվականից, երբ այդ կնոջ կուսակցությունը հաղթանակ տարավ կոմունիստների հանդեպ։

Բաներջին վարչապետ Նարենդրա Մոդիի մոլի քննադատն է, մեղադրել է նրա հինդուիստական ազգայնական կուսակցությանը նահանգ պառակտման քաղաքականություն բերելու մեջ՝ կրոնական հողի վրա։

Մոդին, իր հերթին, Բաներջիի վարչակազմին մեղադրում է  կոռուցպիայի մեջ։