Հռոմի պատմական կենտրոնում շինարարները սպիտակ մարմարե գլուխ են հայտնաբերել, տեղեկացրել է քաղաքապետը սոցցանցերում։
Հինգշաբթի Թվիթերում տեղադրելով ցեխապատ գտածոյի լուսանկարը՝ քաղաքապետ Ռոբերտո Գուալտիերին գրել է. «Հռոմը շարունակում է վերադարձնել իր անցյալի թանկարժեք վկայությունները. հիասքանչ անվնաս մարմարե գլուխը գտնվել է Պյացա Աուգուստո Իմպերատորե հրապարակում կատարվող աշխատանքների ժամանակ, Sovrintendenza-ի մասնակցությամբ»։
Գուալտիերին ավելացրել է, որ հնագետները եւ վերականգնողներն այժմ զբաղված են գտածոյի ուսումնասիրությամբ։
Sovrintendenza Capitolina-ն (Կապիտուլիումի վարչությունը) զբավում է Իտալիայի մայրաքաղաքի պատմական եւ հնագիտական ժառանգության աջակցմամբ։
Տպավորիչ նմուշը, որը, ինչպես կարծում են, Աֆրոդիտե աստվածուհու քանդակի մի կտոր է, հայտնաբերվել է Օգոստոս կայսեր թանգարանի եւ նրա անունը կրող հրապարակի վերակառուցման աշխատանքների ժամանակ, նշվել է հայտարարությունում, որը հրապարակվել է ինտերնետում Հռոմի քաղաքային խորհրդի կողմից։ Դրանում ասվում է, որ գլուխը հայտնաբերվել է տեղամասի արեւելյան հատվածում, որտեղ ներկայում աշխատանքներ են կատարվում։
Փորձագետների խոսքով՝ մարմարե գլուխը, ըստ երեւույթին, վերաբերում է Օգոստոս կայսեր ժամանակաշրջանին։ Հնագետները հույս ունեն վերականգնել այն, ինչպես նաեւ փորձել պարզել նրա տարիքը։





























