Հոկտեմբերի 28-ին, Թել-Ավիվում, Իսրայելում Թուրքիայի դեսպանատան մոտ տեղի է ունեցել բողոքի գործողություն Թուրքական Հանրապետության 86-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի փոխանցմամբ՝ ակցիան կազմակերպվել էր Երուսաղեմում ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի կողմից: Այդ ժամանակ դեսպանատանը ընդունելություն էր կազմակերպված, որին մասնակցում էին Իսրայելի բարձրաստիճան քաղաքական եւ ռազմական գործիչներ, տարբեր երկրների դիվանագետներ եւ դիվանագիտական առաքելություններ ներկայացուցիչներ:
Ցուցարարները պահել էին պաստառներ, որ մեղադրում էին Թուրքիային հայ ժողովրդի դեմ կատարած հանցագործության մեջ: Այդ պաստառները, նաեւ Հայաստանի դրոշներն ու զինանշանները, կարգախոսները արժանացան ընդունելության մասնակիցների ուշադրությանը:
Անցկացված գործողությունը մեծ ուշադրության է արժանացել նաեւ իսրայելական լրատվամիջոցների կողմից:




























