Ռոբոտները մտադիր չեն մարդկանցից խլել աշխատատեղերը կամ ապստամբել իրենց ստեղծողների դեմ, սակայն ուզում են աշխարհը իրենց խաղահրապարակը դարձնել, հայտարարել են ինը ամենամարդասեր ռոբոտները Ժնևում անցկացված արհեստական ինտելեկտի համաժողովում, տեղեկացնում է  Associated Press-ը։

Համաժողովի կազմակերպիչները փորձում են հիմնավորել արհեստական ինտելեկտի և ռոբոտների օգտագործման անհրաժեշտությունը համաշխարհային խոշորագույն որոշ խնդիրների լուծման գործում, ինչպիսիք են հիվանդությունները, սովը, սոցիալական օգնությունը և կլիմայական արտակարգ իրավիճակը։

Առայժմ հայտնի չէ, թե ինչ չափով էին ռոբոտների պատասխանները նախապատրաստվել ըստ սցենարի կամ ծրագրվել նախապես։ Սակայն մամուլի ասուլիսին մասնակցած մարդկանց խնդրել են ռոբոտներին դիմելիս դանդաղ ու հստակ խոսել։ Սակայն դա չի կանխել անհարմար դադարները, ձայնի հետ կապված խնդիրները և որոշ անբնական կամ անտրամաբանական պատասխանները։