Առնվազն մեկ մարդ զոհվել է, եւս 180 հազար մարդու Ճապոնիայի հարավ-արեւմուտքում խորհուրդ է տրվել տարհանվել տեղատարափ անձրեւների պատճառով, որոնք հանգեցրել են այն բանին, որ հուներից դուրս են եկել գետերը, սկսվել են սողանքներ, տեղեկացրել է NHK հեռուստաալիքը։

Ֆուկուոկա եւ Օիտա շրջաններում Ճապոնիայի օդերեւութաբանական վարչությունը մտցրել է վտանգավորության առավելագույն՝ հինգերորդ մակարդակ։ Մի քանի շրջանների բնակիչներին խնդրել են շտապ հեռանալ անվտանգ վայրեր։ Եթե նման հնարավորություն չկա, նրանց խնդրել են բարձրանալ տների երկրորդ հարկերը կամ այլ բարձր տեղեր։ Իրավիճակը ծանր է նաեւ Սագա շրջանում, որտեղ հունից դուրս են եկել մի քանի գետեր։

Ուժեղ անձրեւների պատճառով Կյուսյու կղզու հարավ-արեւմուտքում, ինչպես նաեւ Ֆուկուոկայի եւ Հիրոսիմայի միջեւ դադարեցվել է արագընթաց «սինկանսենների» երթեւեկությունը։

Օդերեւութաբանների տվյալներով՝ Ֆուկուոկայի, Օիտայի եւ Սագայի որոշ շրջաններում տեղումների ինտենսիվությունը կազմել է մեկ ժամում 55-92 միլիմետր։ Ուժեղ անձրեւները կշարունակվեն մինչեւ հուլիսի 11-ը։