Ամերիկացի փորձագետները փորձով ապացուցել են, որ արարող մարդիկ ավելի արդյունավետ են օգտագործում իրենց ազատ ժամանակը։ Նրանք ավելի քիչ են կախված գաջեթներից եւ, առհասարակ, ավելի քիչ են ձանձրանում, քան մյուսները։

Ինչպես տեղեկացրել է Creativity Research Journal-ը, Արիզոնայի համալսարանի հետազոտողներն իրականացրել են երկու փորձ։ Առաջինին ներգրավել են 81 մեծահասակների, որոնց խնդրել են միայնակ մնալ 10 րոպե՝ առանց թվային սարքերի։ Այդ ընթացքում փորձարկվողները բարձրաձայն արտահայտել են իրենց մտքերը։

Գիտնականներն այդ ամենը գրի են առել եւ ուսումնասիրել հատուկ թեստի օգնությամբ՝ պարզելու համար ոչ ստանդարտ մտածողությունը։ Մասնակիցների մի մասը լավ է հաղթահարել թեստը, նրանք լավ զարգացած խոսք եւ ճկուն մտածողական ապարատ են ունեցել։ Այդ նույն մարդիկ, որոնք կրեատիվ մտածողություն ունեն, ավելի շատ են ընկղմվել իրենց մտքերի մեջ եւ զվարճությունների կամ շփման ավելի քիչ կարիք են ունեցել։

Երկրորդ ծավալուն փորձը քովիդի համավարակն էր, երբ շատ մարդիկ ակամա ստիպված էին երկար ժամանակ մնալ տանը։ Այդ փորձի մասնակիցներ են դարձել 2 612 մեծահասակներ։

Եվ նորից ինքնաբավ էին կրեատիվ մարդիկ։ Իսկ նրանք, ովքեր չգիտեին ինչով զբաղվել, հոբբի կամ հատուկ ստեղծագործական հակումներ չունեին, շատ դժվար են հաղթահարել հարկադրյալ մեկուսացումը։