«Իմ եւ ՀՀԿ-ի տարբերությունը Նժդեհի գնահատման հարցում այն է, որ ես գնահատում եմ Նժդեհի մեծագործությունը, իսկ ՀՀԿ-ն` ուսմունքը: Այս մասին այսօր` հոկտեմբերի 6-ին, Ազատության հրապարակում, ՀԱԿ-ի հանրահավաքում հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ի պատասխան հարցի, թե ինչպես է գնահատում Գարեգին Նժդեհի դերը:

«Վաղուց էի ուզում անդրադառնալ Նժդեհի թեմային:  Ես ուսումնասիրել եմ Նժդեհի ողջ ժառանգությունը: Նժդեհին ես համարում եմ մեծագույն երախտավորներից մեկը: Ես կարդացել եմ բոլոր ականավոր դաշնակցականների աշխատությունները: Ես կարող եմ մրցել բոլոր դաշնակցականների հետ, նրանցից ոչ մեկն իմ պես չգիտի դաշնակցության պատմությունը:

Մի բան է Նժդեհ հերոսը, մեկ այլ բան ուսմունքը, որը ժամանակավոր մոլորություն էր: Ուսմունքը շեշտելով ՀՀԿ-ն հողին է  հավասարեցնում նրա արժեքը:

Շատ քչերին է հաջողվել հայրենիք պահպանել, թույլ տալ, որ այդ կտորը մնա մեր պետության սահմաններում. Այդպիսիք են եղել Նազարբեկյանը, Փիրումովը, Սիլիկովը, Անդրանիկը եւ Նժդեհը, ով թույլ չտվեց ոչ միայն թուրքական բանակի, այլեւ ռուսական բանակի մուտքը Զանգեզուր»,- հայտարարեց Տեր-Պետրոսյանը: