NEWS.am-ը շարունակում է անդրադառնալ մեր նախարարներին, մասնավորապես` այն խնդրին, թե նրանցից ո՞վ է ծառայել Զինված ուժերում եւ ո՞ւմ մասնագիտությունը կապ ունի իր աշխատանքի հետ: Այս անգամ մեր ուսումնասիրած 5 նախարարներից 4-ը չի ծառայել  Զինված ուժերում, իսկ մասնագիտության եւ աշխատանքի համընկնման վերաբերյալ հարկ է նշել, որ ունենք ինչպես լրիվ համապատասխանության օրինակներ, այնպես էլ բժիշկ կրթության նախարար, կենսաբան մշակույթի նախարար եւ այլն:

Այսպես. այս անգամ մենք անդրադարձել ենք բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի կենսագրություններին:

Նրանցից միակ նախարարը, ով ծառայել է բանակում, դա բնապահպանության  նախարար Արամ Հարությունյանն է, իսկ ահա Սերգո Կարապետյանը, Տիգրան Դավթյանը, Արմեն Մովսիսյանն ու Արմեն Աշոտյանը բանակում չեն ծառայել:

Բանակին իր պարտքը տված Արամ Հարությունյանն ավարտել է Երեւանի Ճարտարապետաշինարարական ինստիտուտը, իսկ աշխատանքային գործունեության ընթացքում զբաղվել է իրարից շատ տարբեր բաներով. եղել է բանվոր, ‹‹Հայպտուղարտ›› ՊՁ տնօրեն, զբաղվել առեւտրային գործունեությամբ, ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, այնուհետեւ` ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, քաղաքաշինության նախարար եւ բնապահպանության նախարար:

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի դեպքում մասնագիտությունը եւ աշխատանքային գործունեությունը այժմյան պաշտոնի հետ ավելի շատ առնչություններ ունեն, քան Արամ Հարությունյանի դեպքում: Սերգո Կարապետյանն ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը, աշխատել է աեզոնային բանվոր, որակի հսկիչ,.Ազատի լիասիստեմ ֆորելային տնտեսության տնօրեն, Արտաշատի պահածոների գործարան ԲԲ ընկերության նախագահ, գլխավոր տնօրեն:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի կրթական եւ աշխատանքային գործունեությունը եւս համապատասխանում է այսօրվա աշխատանքին, նա ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետը, աշխատել է մասնագիտությամբ` ինժեներ-տնտեսագետից հասնելով մինչեւ նախարարի տեղակալ եւ նախարար: Ցավոք, նրա կենսագրությունում եւս Զինված ուժերում ծառայելու մասին խոսք չկար:

Իսկ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը, մասնագիտությունը`  մեքենաշինության տեխնոլոգիա, մետաղահատ հաստոցներ եւ գործիքներ, բնական եւ քիմիական մանրաթելերի մանում: Բանվորի աշխատանքից հասել է մինչեւ բրիգադիր, տնօրենի տեղակալ, «Էլեկտրոն» գործարանի տնօրեն եւ այդպես մինչեւ նախարար:

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ոչ միայն չի ծառայել Զինված ուժերում, այլեւ նրա մասնագիտությունը կապ չունի իր աշխատանքի հետ: Նա  ավարտել է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը` «Դատական բժշկություն»  մասնագիտությամբ: Ավագ  լաբորանտից հասել է մինչեւ ԵՊԲՀ ռեկտորի օգնական, Աժ պատգամավոր, սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ,  կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ապա` կրթության եւ գիտության նախարար: 

Պարզվում է, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի դեպքում եւս նրա մասնագիտությունը կապ չունի աշխատանքի հետ: Նա ավարտել է Երեւանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը, դպրոցում աշխատել է կենսաբանության ուսուցչուհի: Հասմիկ Պողոսյանի կենսագրության մեջ մշակույթին առնչվող միակ փաստը այն է, որ նա աշխատել է Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի եւ համագործակցության հայկական ընկերությունում:

Հիշեցնենք, որ նախորդ անգամ մենք անդրադարձել էինք Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին, Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին,Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանին եւ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին: Առաջին չորսը չէին ծառայել Զինված ուժերում, թեեւ դա օրենսդրական պահանջ է, իսկ մասնագիտական կրթությունը եւ աշխատանքը  այս նախարարների դեպքում քիչ թե շատ համընկնում են:

Շարունակելի

Պատրաստեց Ինգա Մարտինյանը