ԱՄՆ վարչակազմում շարունակվում են Ուկրաինային ATACMS հեռահար հրթիռների հանձնման վերաբերյալ քննարկումները, գրել է The New York Times-ը (NYT)՝ հղում կատարելով ամերիկյան եւ եվրոպական պաշտոնյաների շրջանում ունեցած աղբյուրներին։
Երկրի պաշտպանության նախարարությունում պարզաբանել են, որ ԱՄՆ-ն ATACMS-ների համեմատաբար ոչ մեծ զինանոց ունի, ուստի դրանք Ուկրաինային հանձնելը կարող է սպառնալիքի տակ դնել մարտունակությունն այլ շրջաններում։
ATACMS-ները մեծ հեռահարության կառավարվող հրթիռներ են, արտադրում է Lockheed Martin ամերիկյան ընկերությունը։ Դրանք կարող են արձակվել նաեւ համազարկային կրակի հրթիռային համակարգերից, ինչպիսին են M270 MLRS-ը եւ M142 HIMARS-ը։ Ուկրաինան դրանցից արդեն ունի։ Ամենավերջին նմուշի հրթիռները կարող են խոցել թիրախը 310 կիլոմետր հեռավորության վրա 1 մետր ճշգրտությամբ։ Lockheed Martin-ը տեղեկացրել է, որ 1980-ականներից արտադրվել է մոտ 4 հազար ATACMS։
Ամերիկյան այս հրթիռներն Ուկրաինան խնդրում է արդեն մոտ մեկ տարի, բայց առայժմ մերժում է ստացել։ Սակայն մայիսի վերջին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ հարցը քննարկվում է։ Մեկ ամիս անց The Wall Street Journal-ը գրել էր, որ Վաշինգտոնը մոտ է այն բանին, որ հավանություն տա այդ հրթիռները Կիեւ մատակարարելուն, բայց Պենտագոնը հետո հայտարարել էր, որ դեռեւս որոշում չի ընդունվել։




























