Շվեդիան եւ Ուկրաինան ռազմական համագործակցության երկու համաձայնագիր են ստորագրել։ Առաջինը բացում է անվտանգության ոլորտում գաղտնի տեղեկատվության փոխանակման հնարավորությունը եւ թույլ կտա Ուկրաինային փորձարկել շվեդական Gripen կործանիչը, երկրորդը Ուկրաինային հնարավորություն է տալիս օգտվել շվեդական ռազմական տեխնիկայից, հաղորդում է SVT հեռուստաալիքը:

Տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիրը ստորագրել են Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնը եւ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան:

«Օգոստոսին մենք կսկսենք Gripen համակարգի նախապատրաստական աշխատանքները, եւ մի քանի շաբաթ անց ուկրաինացի օդաչուները կկարողանան փորձարկել Gripen-ը եւ աշխատել վարժասարքերով»,-ասել է Յոնսոնը: Շվեդիան նաեւ օգնություն կցուցաբերի ամերիկյան F-16 կործանիչները յուրացնող ուկրաինացի օդաչուների պատրաստման գործում։ 

Երկրորդ համաձայնագիրն Ուկրաինային թույլ կտա ռազմական տեխնիկայի գնումներ կատարել, ինչը կնպաստի դրա մատակարարումների արագացմանը: