ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հինգշաբթի Ջակարտայում կհանդիպի  Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի վարիչ Վան Իի հետ։ Դա նրանց երկրորդ հանդիպումը կլինի երկու ամսում, որը տեղի կունենա Վաշինգտոնի եւ Պեկինի՝ երկու երկրների միջեւ լարվածությունը կարգավորելու փորձերի ֆոնին։

Բլինքենը եւ Վան Ին կհանդիպեն «ԱՍԵԱՆ+3» ձեւաչափում արտաքին գործերի նախարարների բանակցությունների շրջանակում, Ինդոնեզիայի մայրաքաղաքում, վկայում է պետքարտուղարի աշխատանքային հանդիպումների ժամանակացույցը, որը հրապարակել է պետդեպարտամենտը։

Հանդիպումը կկայանա, չնայած Microsoft ընկերության հայտարարությանն այն մասին, որ չինացի հաքերները կոտրել են ամերիկյան կառավարության, այդ թվում պետդեպարտամենտի էլեկտրոնային փոստի օգտահաշիվները։

Բանակցությունները Ջակարտայում տեղի կունենան Բլինքենի պեկինյան այցից մոտ մեկ ամիս հետո, որի ընթացքում նա հանդիպել էր Չինաստանի նախագահ Սի Ծինփինի, Վան Իի եւ արտաքին գործերի նախարար Ցին Գանի հետ։