Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպառնացել է չգալ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի առաջին նիստին, տեղեկացրել է The New York Times-ը՝ հղում կատարելով անանուն աղբյուրին։
Թերթի տվյալներով՝ Զելենսկին եւ նրա արեւելաեվրոպական գործընկերներն «ավելին էին սպասում» ՆԱՏՕ վիլնյուսյան գագաթաժողովից, մասնավորապես՝ դաշինքին Ուկրաինայի անդամակցության կոնկրետ ժամկետ։ Ռազմական դաշինքի դիրքորոշումը «զայրացրել» է Ուկրաինայի նախագահին, նշել է թերթը։
«Չնայած չորեքշաբթի նա մեղմել էր իր հանրային արտահայտությունները, բայց երեքշաբթի երեկոյան սպառնում էր չներկայանալ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի առաջին նիստին»,- գրել է պարբերականը։
Զելենսկին քննադատություն է հնչեցրել Ուկրաինայի վերաբերյալ ՆԱՏՕ ձեւակերպումների անորոշության պատճառով։ Նա կարծում է, որ դաշնակիցները, հավանաբար, պատրաստ չեն ոչ Ուկրաինային հրավիրել ՆԱՏՕ, ոչ նրան դարձնել դաշինքի անդամ։ Նա անհեթեթ է անվանել նաեւ այն աննախադեպ իրավիճակը, երբ չկան կոնկրետ ժամկետներ ոչ մեկի, ոչ մյուսի համար։
Զելենսկու քննադատությունը զայրացրել է ամերիկյան պատվիրակությանը ՆԱՏՕ գագաթաժողովում, գրել է The Washington Post-ը՝ հղում կատարելով աղբյուրներին, իսկ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է շնորհակալություն հայտնի սպառազինությունների մատակարարման համար, քանի որ հանուն նման աջակցության ստիպված են համոզել արեւմտյան որոշ երկրների՝ զոհաբերել իրենց սեփական պաշարները։





























