ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահ է, որ ԱՄՆ-ն կավարտի Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի գործարքը։ Այս մասին նա հայտնել է լրագրողների հետ զրույցում։
«Ես վստահ եմ, որ Թուրքիան կշարունակի աջակցել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, եւ ես վստահ եմ, որ մենք կկարողանանք Անկարային վաճառել F-16 կործանիչներ»,-ասել է նա։
Ավելի վաղ Թուրքիան ԱՄՆ-ից 40 F-16 կործանիչներ էր խնդրել։ Ամերիկացի օրենսդիրները կարող են խոչընդոտել ԱՄՆ-ի կողմից այլ պետություններին զենքի վաճառքին: Ինչպես ավելի վաղ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Կոնգրեսի որոշ անդամներ կոչ են անում Թուրքիային նման մատակարարումները կապել Անկարայի քայլերի հետ, որոնք անհրաժեշտ են Շվեդիային ՆԱՏՕ-ում ընդունելու համար:
Երկուշաբթի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը համաձայնել է որքան հնարավոր է շուտ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը հանձնել խորհրդարանի վավերացմանը։





























