ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիո Մանոյանը չի կարծում, թե Լեռնային Ղարաբաղի գործող իշխանությունները կարող են այնպիսի որոշում կայացնել, որով քրեական պատասխանատվության կենթարկվեն տարածքների հանձնման մասին բարձրաձայնողները: Մանոյանը նման տեսակետ հայտնեց NEWS.am-ի հետ զրույցում:
Հիշեցնենք, որ ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր Արմեն Սարգսյանն օրերս հանդես էր եկել հայտարարությամբ, համաձայն որի՝ ԼՂՀ օրենքների գործողության տարածքներում հակաօրինական է խոսել տարածքների հանձնման մասին: Սարգսյանը NEWS.am-ի թղթակցին հայտնել էր, թե այդ անձանց քրեական պատասխանատվության պետք է ենթարկել, քանի որ «համանման բոլոր հայտարարությունները պետք է ճանաչվեն հակասահմանադրական, այլ ոչ թե՝ խոսքի ազատության ժողովրդավարական դրսեւորում»:
«Կարծում եմ՝ Ղարաբաղի ժողովրդի անկեղծ ցանկությունների անկեղծ արտահայտությունն է»,- ԼՂՀ ԱԺ պատգամավորի հայտարարությունը մեկնաբանեց Կիրո Մանոյանը, իսկ հարցին, թե իրավական կամ քաղաքական տեսակետից ինչ հետեւանքներ կարող է առաջացնել այդ հայտարարությունը, ասաց. «Քաղաքական իմաստով լավ կլինի, որ նման հայտարարություն լինի, իրավական իմաստով չեմ կարծում, որ որոշում կկայացվի՝ հաշվի առնելով, որ Ղարաբաղի խորհրդարանում մեծամասնություն է կազմում այն քաղաքական ուժը, որ Սահմանադրության մեջ չուզեցավ ամրագրել Լեռնային Ղարաբաղի այսօրվա փաստացի սահմանները դե-յուրե սահմաններ՝ 2006թ. սկսած, այլ ուրիշ ձեւակերպում տվեց: Այդ նույն քաղաքական ուժը չեմ կարծում, որ նման որոշում կայացնի»:




























