ԱՄՆ նախագահի որդին՝ Հանթեր Բայդենը, եւ նրա գործընկերները 2014-2016թթ. փորձել են օգնել ուկրաինական Burisma Holdings էներգետիկ ընկերության  հիմնադիրներից մեկին՝ Նիկոլայ Զլոչեւսկուն ամերիկյան վիզա ստանալ, տեղեկացրել է The Daily Caller պորտալը։

Պորտալի լրագրողները ծանոթացել են Հանթեր Բայդենի նոութբուքի էլեկտրոնային նամակներին, որոնք իբր հաստատում են «Զլոչեւսկու համար վիզա ստանալու համաձայնեցված փորձերն այն ժամանակ, երբ Ուկրաինայի իշխանությունները կոռուպցիայի վերաբերյալ հետաքննություն էին իրականացնում նրա հանդեպ»։ Հրապարակման մեջ նշվել է, որ պետդեպարտամենտը չեղարկել է Զլոչեւսկու վիզան 2014թ.։

ԱՄՆ Կոնգրեսի հանրապետականներն ավելի վաղ հայտարարել էին, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) ունի փաստաթղթեր, որոնք կարող են վկայել Բայդենի եւ նրա ընտանիքի մասնակցությունը կաշառակերությանը։ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Մարջորի Թեյլոր-Գրինը (հանրապետական Ջորջիայի նահանգից), որը ծանոթացել էր այդ փաստաթղթերին, The Daily Caller-ին տեղեկացրել է, որ դրանք վերաբերում են Զլոչեւսկուն։ Նա իբր ՀԴԲ իրազեկիչներից մեկի հետ քննարկել է «Բայդեններին 10 մլն դոլարի կաշառք տալու» հարցը։

Փորձագետները, ըստ պորտալի, կարծում են, որ Հանթեր Բայդենի այս գործունեությունը կարելի է համարել լոբբիստական, որը պահանջում է նախնական գրանցում։ Փորձագետների կարծիքով՝ այդ դեպքում կարող էին կատարվել ամերիկյան այն օրենքի խախտումներ, որի համաձայն՝ օտարերկրյա գործակալները պետք է գրանցվեն ԱՄՆ-ում։

Հրապարակման մեջ նշվել է, որ Զլոչեւսկուն, որը եղել է Ուկրաինայի բնապահպանության եւ բնական պաշարների նախարարը, Հանթեր Բայդենին են ներկայացրել որպես «Burisma»-ի խոշոր բաժնետեր»։ Բայդենի որդին այդ ժամանակ ուկրաինական այդ ընկերության վարչության կազմում էր։ Ըստ պորտալի՝ Հանթեր Բայդենը նաեւ փորձել է օգնել Զլոչեւսկուն մեքսիկական վիզա ստանալու հարցում։ Ինչպես վկայում է The Daily Caller-ի հոդվածը, Զլոչեւսկու ներկայացուցիչը դժգոհություն է հայտնել այդ օգնության հարցում «շոշափելի արդյունքների» բացակայությունից։ Հրապարակման մեջ չի նշվել, թե արդյոք ուկրաինացի գործարարի համար արդյունավետ է եղել Հանթեր Բայդենի օգնությունը վիզա ստանալու հարցում։