ԱՄՆ նախկին նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, մեծ ժյուրիի հարցազրույցում հայտարարել է, որ իր աներն իսկապես հավատում է, որ 2020թ. ընտրությունները «գողացված» էին։ Այս մասին տեղեկացրել է New York Times (NYT) թերթը՝ հղում կատարելով տեղեկացված աղբյուրներին։

Պարբերականի չորս աղբյուրների տվյալներով՝ Քուշները հունիսին ցուցմունքներ է տվել մեծ ժյուրիին 2020թ. նախագահի ընտրությունների արդյունքներով իշխանության փոխանցման խափանման ենթադրյալ փորձի մասին։ Հարցաքննության ընթացքում դաշնային դատախազները հետաքրքրվել են, թե արդյոք ինքը՝ Թրամփը, ընդունել է 2020թ. ընտրություններում իր պարտությունը։

Պարբերականը նշել է, որ, դատելով տրված հարցերից, մեղադրողները փորձել են պարզել, թե արդյոք ԱՄՆ նախկին նախագահը գործել է հանցավոր մտահղացմամբ՝ հետագայում դա նրա դեմ օգտագործելու նպատակով։

Կապիտոլիումի գրոհը  տեղի է ունեցել 2021թ. հունվարի 6-ին։ Դոնալդ Թրամփի կողմնակիցների ամբոխը ներխուժել է շենք եւ անկարգություններ սկսել, քանի որ համաձայն չէր ԱՄՆ 2020թ. նախագահի ընտրությունների արդյունքներին։ Գրոհը խափանել է Կոնգրեսի նստաշրջանը, որը գումարվել էր ընտրողների ձայների հաշվարկի եւ Ջո Բայդենի հաղթանակի պաշտոնական ձեւակերպման համար։ Հինգ մարդ զոհվել, տասնյակ մարդիկ վնասվածքներ էին ստացել։

2022թ. դեկտեմբերին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատուկ կոմիտեն հրապարակել է 845 էջանոց զեկույց Կապիտոլիումի գրոհի հետաքննության արդյունքների հիման վրա։