Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր՝ հուլիսի 14-ին, հայտարարել է, որ սպասում է Եվրամիության արձագանքին՝ Թուրքիայի համար առանց վիզայի ռեժիմին անցնելու և անդամակցության բանակցությունների վերսկսման վերաբերյալ։
«Հիմա մենք սպասում ենք Եվրամիության արձագանքին։ Վիլնյուսում [ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում] մենք մանրամասն քննարկեցինք այդ հարցերը և շարունակում ենք քննարկել ԵՄ անդամ բոլոր երկրների ղեկավարների հետ։ Մենք բոլորի հետ այս հանդիպումներն անցկացրինք և ասացինք, որ ցանկանում ենք Թուրքիայի նկատմամբ դրական քայլերի ականատես լինել, որին 52 տարի ստիպել են սպասել ԵՄ-ի դռան մոտ»,- Ստամբուլում լրագրողներին ասել է Էրդողանը՝ պատասխանելով վիզայի ազատականացման եւ եվրաինտեգրման վերականգնման վերաբերյալ հարցերին, հայտնում է A Haber-ը։
Թուրքական իշխանությունները նախապես հայտարարել էին, որ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին նդամկցության հայտի հաստատման հիմնական պայմանը, որը նա ներկայացրել է 2022 թվականի մայիսին, պետք է լինի ահաբեկչության դեմ պայքարի Մադրիդյան հուշագրի պարտավորությունների կատարումը։ Այնուամենայնիվ, նախքան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին թռչելը, Թուրքիայի ղեկավարն ասել է, որ Թուրքիան կաջակցի դաշինքին միանալու Շվեդիայի հայտին՝ Անկարայի ԵՄ անդամակցության խոչընդոտները վերացնելու դիմաց։
Եվրոպացի առաջնորդների և ԵՄ ղեկավարության հետ Էրդողանի շփումների արդյունքում որոշ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացն ակտիվացնելու վերաբերյալ։ Մասնավորապես, այս հարցում Թուրքիայի առաջնային նպատակներից են վիզաների վերացումը և համագործակցությունը ԵՄ Մաքսային միության շրջանակներում։





























