Հոկտեմբերի 30-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում նախարար Սեյրան Օհանյանի նախագահությամբ անցկացվել է ՊՆ Կոլեգիայի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են հակաօդային պաշտպանության եւ ավիացիայի համակարգին վերաբերող հարցեր: ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնեցին, որ նիստի ընթացքում ելույթներ են ունեցել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ս. Գալստյանը, զորամիավորումների հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների պետեր, ավիացիոն զորամասերի հրամանատարներ, ովքեր իրենց զեկույցներում անդրադարձել են հակաօդային պաշտպանության եւ ռազմական ավիացիայի հրատապ լուծում պահանջող խնդիրներին: Ամփոփելով Կոլեգիայի նիստի աշխատանքները` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանգամանալից խոսել է զորատեսակների անձնակազմերի մասնագիտական պատրաստության կատարելագործման, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի համալիր վերազինման ու արդիականացման, մարտական պատրաստության գործընթացի արդյունավետ կազմակերպման մասին: Հետագա անելիքների կազմակերպման վերաբերյալ հրամանատարական կազմին տրվել են համապատասխան հանձնարարականներ: