Սաուդյան Արաբիան եւ Թուրքիան երեքշաբթի մի քանի համաձայնագրեր եւ փոխըմբռնման հուշագրեր են ստորագրել, որոնք նախատեսում են համատեղ նախագծերի իրականացում էներգետիկայի, ներդրումների եւ պաշտպանության ոլորտներում։ Այս մասին տեղեկացրել է Մամուլի սաուդյան գործակալությունը։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Ջիդայում Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումից հետո, որի ընթացքում կողմերը, ինչպես նշել է գործակալությունը, քննարկել են տնտեսական համագործակցության հարցերը, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի որոշ ուղղություններ։
Ստորագրված փաստաթղթերից են փոխըմբռնման հուշագիրը էներգետիկայի ոլորտում, փոխըմբռնման հուշագիրն ուղիղ ներդրումների ոլորտում, ինչպես նաեւ գործողությունների պլանը՝ ուղղված պաշտպանական արդյունաբերության ոլորտում նախագծերի իրականացմանը։ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը ստորագրել է նաեւ երկու համաձայնագիր թուրքական Baykar ընկերության հետ, որն արտադրում է Bayraktar անօդաչու թռչող սարքերը։
Էրդողանը Սաուդյան Արաբիա է մեկնել նախօրեի երեկոյան, Պարսից ծոցի երկրներում եռօրյա շրջագայության շրջանակում, նպատակը ներդրումների ներգրավումն է Թուրքիայի տնտեսությունում նավթարդյունահանող արաբական միապետություններից։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր TRT հեռուստաալիքը, Էրդողանը շրջագայության արդյունքներով հույս ունի ստորագրել ներդրումային համաձայնագրեր Կատարի, ԱՄԷ-ի եւ Սաուդյան Արաբիայի հետ 50 մլրդ դոլարը գերազանցող գումարի չափով։
Երեքշաբթի Թուրքիայի նախագահը, ինչպես սպասվում է, կայցելի Դոհա, որտեղ կհանդիպի Կատարի էմիր, շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ։ Բանակցությունների առանձին թեմա է լինելու համագործակցությունը պաշտպանական արդյունաբերությունում։ Այս հարցը քննարկվել է, մասնավորապես, Թուրքիայի փոխնախագահ Ջեւդեթ Յըլմազի եւ ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքի վերջերս Կատար կատարած այցելության ընթացքում։ Ներկայում Կատարը Թուրքիայից գնում է անօդաչուներ, կառավարվող զինամթերքներ, ցամաքային զրահապատ պլատֆորմներ, ռազմանավեր եւ արագընթաց նավակներ։ Կատարի իշխանությունները նաեւ բանակցություններ են վարում թուրքական Milgem դասի կորվետներ գնելու մասին, ինչպես նաեւ հետաքրքրված են Altay մարտական տանկի նախագծով։
Պարսից ծոցի երկրներում Էրդողանի շրջագայության վերջին կետը լինելու է ԱՄԷ-ն, ուր Թուրքիայի նախագահը ծրագրում է այցելել հուլիսի 19-ին։



























