Մեծ Բրիտանիայի խորհրդարանն անօրինական միգրացիայի մասին օրինագիծ է ընդունել, որը պետք է իշխանություններին թույլ տա երկրից վտարել անօրինական ճանապարհով մուտք գործած և ապաստան խնդրած մարդկանց։ Օրինագիծը, որը հաստատվել է Համայնքների պալատի կողմից ապրիլին, երեքշաբթի գիշերը կանաչ լույս է ստացել Լորդերի պալատի կողմից։
Այժմ միակ բանը, որ օրինագիծը բաժանում է օրենք դառնալուց, դրա ստորագրումն է Չարլզ III թագավորի կողմից, ինչը պետք է տեղի ունենա մոտ ապագայում։
Օրինագիծը կառավարության կողմից ներկայացվել է 2023 թվականի մարտին և նպատակ ունի լուծել զանգվածային անօրինական միգրացիայի խնդիրը, որը տարեցտարի ավելանում է։ Մեծ Բրիտանիայի կաբինետի ղեկավար Ռիշի Սունակը խոստացել է իր վարչապետության գլխավոր նպատակներից մեկը դարձնել Լա Մանշը հատելով՝ փչովի նավակներով երկիր ժամանող անօրինական ներգաղթյալների դեմ պայքարը։Ապագա օրենքը ՆԳՆ-ին իրավունք կտա կալանավորել անօրինական ներգաղթյալներին, չդիտարկել նրանց ապաստանի դիմումները և արտաքսել անվտանգ երրորդ երկրներ, այդ թվում՝ Ռուանդա, որի հետ Մեծ Բրիտանիան այդ նպատակով պայմանագիր է կնքել։ Ճիշտ է, դրա համար կառավարությունը պետք է սպասի Գերագույն դատարանի որոշմանը։ Հունիսի վերջին Լոնդոնի վերաքննիչ դատարանն այս պրակտիկան անօրինական է ճանաչել։
Կառավարությունն ընդգծում է, որ այս պահին երկիր անօրինական մուտք գործած ապաստան հայցողների ճնշող մեծամասնությունը երիտասարդ տղամարդիկ են, որոնք, ըստ էության, տնտեսական միգրանտներ են։



























