Պատմությունը մշտապես ցույց է տալիս, որ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Չինաստանը չեն կարող իրենց թույլ տալ միմյանց ընկալել որպես հակառակորդներ։ Այս մասին Պեկինում Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանֆուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը:

«Ժամանակակից աշխարհում մարտահրավերները գոյություն ունեն հնարավորությունների հետ միասին, Չինաստանն ու ԱՄՆ-ն պետք է վերացնեն բոլոր թյուրիմացությունները, խաղաղ գոյակցեն եւ խուսափեն առճակատումներից։ Պատմությունն ու պրակտիկան մշտապես ցույց են տալիս, որ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Չինաստանը չեն կարող իրենց թույլ տալ միմյանց ընկալել որպես հակառակորդներ»,-ասել է նա։

Քիսինջերը նաեւ նշել է, որ եթե երկու երկրների միջեւ պատերազմ սկսվի, ապա այն որեւէ նշանակալի արդյունքի չի բերի կողմերից ոչ մեկին:

«Երկու կողմերն էլ պետք է իմաստություն դրսեւորեն, աշխատեն եւ զարգանան միասին։ Երկու երկրների բանակները պետք է ուժեղացնեն փոխգործակցությունը, գործադրեն բոլոր ջանքերը, որպեսզի դրական արդյունքների հասնեն երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման համար եւ պահպանեն խաղաղությունն ու կայունությունն ամբողջ աշխարհում»,-ասել  է նա։